Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմի հետևանքներից և վերջնարդյունքից չափազանց շատ բան է կախված

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմի հետևանքներից և վերջնարդյունքից չափազանց շատ բան է կախված
22.04.2026 | 12:48

Պատերազմը կարող է վերսկսվել հինգշաբթի, միգուցե՝ ավելի շուտ

Հարևան ու բարեկամ Իրանի դեմ ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ի և սիոնիստական Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքները և վերջնարդյունքը Հայաստանի ճակատագրի համար պակաս կարևոր չեն նրանից, թե ինչ արդյունքներով կավարտվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միգուցե նույնիսկ ավելի կարևոր են… Համենայն դեպս, չավարտված պատերազմի ելքը ռազմավարական առումով կարևոր է նաև Ռուսաստանի և Չինաստանի համար: Ահա թե ինչու ենք այսքան կարևորում իրանյան թեման:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին չտեսնված խնդիրներով է սպառնացել՝ հայտարարելով, որ եթե Իրանը նոր բանակցությունների չգնա, ապա կբախվի «խնդիրների հետ, որոնք նախկինում երբեք չի տեսել» (Թրամփի խոսքը մեջբերել է CNN-ը):

«Դե, նրանք պատրաստվում են բանակցություններ վարել, իսկ եթե չլինեն (ներկա չգտնվեն.- Ա. Հ.), ապա կբախվեն խնդիրների, որոնք նախկինում երբեք չեն տեսել»,- ասել է Թրամփը եթերում, չգիտես որտեղից վերցնելով կամ հերթական անգամ մոգոնելով, թե Իրանի ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ վարել:

Հետաքրքիր է ԱՄՆ-ի նախագահի մի արտահայտությունը. Թրամփը կրկին ասել է, որ ԱՄՆ-ն այլընտրանք չունի, ինչը նշանակում է, որ ամերիկյան պայմաններով խաղաղության պայմանագրի (իրականում՝ Իրանի կապիտուլյացիայի փաստաթղթի) ստորագրումից Իրանի հրաժարվելու դեպքում Միացյալ Նահանգները վերսկսելու է պատերազմը:

Իրականում ԱՄՆ-ն այլընտրանք ունի, և այդ այլընտրանքն Իրանի հետ հավասարակշռված, արդար, Իսլամական պետության ժողովրդի համար արժանապատիվ խաղաղություն կնքելն է, և ոչ թե խաղաղության պայմանագրի անվան տակ Իրանի կապիտուլյացիան պահանջելը:

Իր վերոնշյալ արտահայտությամբ Թրամփը, ինչպես Նիկոլ հայադավը, իր անձը նույնացրել է պետության հետ: Միաժամանակ մատնել է, որ հենց ինքն այլընտրանք չունի: Իսկ չունի, քանի որ հանդիսանում է սիոնիստական Իսրայելի կամակատարը, հրեական պետության ճիվաղ վարչապետ Բենիամին Նաթանյահուհի անձնական գործիքը կամ խամաճիկը… Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված որոշ տեղեկությունների, Թրամփն ինքը ժամանակին մասնակիցն է եղել հանրահայտ մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի, մեղմ ասած, անբարո օրգիաների, ինչն ապացուցող փաստերը Նաթանյահուհի տրամադրության տակ են, և վախենալով իր համար ոչ միայն պարզապես վարկաբեկիչ, այլև ճակատագրական հետևանքներ ունեցող դոսյեի հրապարակումից, Թրամփը կատարում է այն ամենը, ինչ պահանջում է Նաթանյահուն:

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սակայն, մերժել է սպառնալիքների տակ բանակցությունները:

«Թրամփը, շրջափակում մտցնելով և հրադադարի ռեժիմը խախտելով, փորձում է բանակցությունների այս սեղանը, իր պատկերացմամբ, վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել պատերազմի վերսկսումը»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում և նախազգուշացրել, որ Թեհրանը պատրաստ է բացահայտել «նոր խաղաքարտեր ռազմի դաշտում»:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ դժվար թե երկարաձգի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը։ Նրա խոսքով՝ երկշաբաթյա հրադադարը, որի մասին նա հայտարարել է ապրիլի 7-ին, ավարտվում է «Վաշինգտոնի ժամանակով չորեքշաբթի երեկոյան» (պարզ հաշվարկով՝ հրադադարը Վաշինգտոնի ժամանակով ոչ թե վաղը, այլ այսօր երեկոյան է ավարտվում): Սակայն, նշել է ԱՄՆ-ի նախագահը, «շատ քիչ հավանական է, որ ես կերկարաձգեմ այն», եթե այդ ժամանակ համաձայնություն ձեռք չբերվի։

Ինչպես հայտնի է, Թեհրանը Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման, ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և ամերիկյան չափազանցված, «անիրատեսական պահանջների» պատճառով հրաժարվել է մասնակցել բանակցություններին։ Սակայն ամերիկյան մի քանի ԶԼՄ-ներ, մասնավորապես, «The Wall Street Journal»-ը, «Axios»-ը և CNN-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին, դատելով ամենից, կեղծ լուրեր են հրապարակել, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին, և որ իրանական և ամերիկյան բանակցային խմբերն ապրիլի 22-ին կմեկնեն Պակիստան՝ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումների նոր փուլ անցկացնելու համար:

РБК-ի փոխանցմամբ , ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ըստ CNN-ի աղբյուրների, ապրիլի 21-ին Վաշինգտոնից կմեկնի Պակիստան՝ մասնակցելու Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլին: Ըստ հրապարակման, Սպիտակ տունը պաշտոնապես չի հաստատել, թե ԱՄՆ-ի ներկայացուցիչները երբ կմեկնեն բանակցությունների նոր փուլին մասնակցելու: ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում ակնկալում են, որ «պատվիրակությունը ճանապարհ կընկնի մոտ ժամանակներս, բայց թե որոշակի երբ դա տեղի կունենա, դեռ պարզ չէ»:

«Axios»-ը գրել է, որ Իրանը չի համաձայնել մասնակցել բանակցային նոր փուլին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման պատճառով: Հրապարակման համաձայն, Իրանցի պատվիրակները բանակցությունների թույլտվությանն էին սպասում երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից, և «այն ստացվել է երկուշաբթի երեկոյան»: Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանն ամբողջ երկուշաբթի սպասում էին Իրանի համաձայնությանը։

Ապրիլի 20-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը գործարքը կստորագրեն ապրիլի 21-ի երեկոյան, չհստակեցնելով, թե որոշակի ինչ գործարքի մասին է խոսքը։ Սակայն, ինչպես Թրամփի այս հայտարարությունը, այնպես էլ բանակցային նոր փուլին մասնակցելուն Իրանի համաձայնության վերաբերյալ վերոնշյալ ԶԼՄ-ների հրապարակումները, հավանաբար, շինծու են, միայն ժամանակը ցույց կտա իրականությունը: Իրանում, ինպես ժամեր առաջ փոխանցել է «РИА Новости»–ին , հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարի մինչև շրջափակման վերացումը:

«Քանի դեռ չեն հանել ծովային շրջափակումը, մենք մտադիր չենք բանակցությունների երկրորդ փուլ անցկացնել»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Նադերին, որի խոսքերը հրապարակել է իրանական SNN հեռուստաալիքը:

Նադերին նաև հաստատել է, որ Իրանը բանակցողների խմբեր չի ուղարկել Պակիստան՝ խաղաղության շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսությանը մասնակցելու համար:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների համար հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ Վաշինգտոնը չի ստացել Թեհրանի պատասխանն իր բանակցային դիրքորոշումներին,- այսօր, «РИА Новости»–ի փոխանցմամբ, գրել է «New York Times» թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

ԱՄՆ-ն ապրիլի 13-ից Հորմուզի նեղուցի երկու կողմերում սկսել է արգելափակել դեպի իրանական նավահանգիստներ և այնտեղից դեպի աշխարհի տարբեր երկներ ընթացող հեղուկատարների և այլ բեռնանավերի ճանապարհը: Թեհրանն այն «ձախողման դատապարտված» է համարել։ Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր 23 նավ որսալու մասին։ Այնուհանդերձ, ինչպես տեղեկանում ենք «Аргументы и факты»–ի հրապարակումից , Իրանի «ստվերային նավատորմի» հետ կապված առնվազն 26 նավ հաջողությամբ շրջանցել է ԱՄՆ–ի հայտարարած շրջափակման գիծը:

Հոդվածն ամփոփենք Կրեմլի դիրքորոշումը ներկայացնելով: Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն, Կրեմլը ենթադրում է, որ հակամարտության շարունակությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և տնտեսության վիճակի վատթարացմանը: Սա, նկատենք, դեռ չափազանց մեղմ ասված: Պեսկովը նշել է նաև, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն անկանխատեսելի է:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 12350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ